+374 93 58 08 48  info@hikers.am

Արկածային զբոսաշրջությունը հետաքրքիր է և եկամտաբեր

Սկսենք արկածային զբոսաշրջությունից: Եթե դուք հիմա կարդում եք մեզ, ուրեմն, հավանաբար, շատերի նման սիրում եք լեռներ գնալ կամ քայլել արշավային արահետներով: Հայաստանում դրանք բազմաթիվ են և տարբեր մարզերում կապում են գյուղերն ու դրանց շրջակայքում գտնվող տեսարժան վայրերը՝ հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները, ամրոցները, ձգվում են անտառներով, կիրճերով, գյուղերով, լեռներով, դրանցով կարելի է անցնել ոտքով, հեծանիվով, ձիով կամ արտաճանապարհային մեքենայով: Արշավային արահետները արկածային զբոսաշրջային ենթակառուցվածքների մի մասն են, գիշերակացի կազմակերպման վայրերի և այլ հարմարությունների հետ միասին, որոնց բարեկարգ վիճակն ու ապահովությունը կարևոր են, որպեսզի զբոսաշրջիկը նորից ու նորից վերադառնա Հայաստան, աշխուժացնելով ոլորտը մարզերում՝ արդյունքում կայուն եկամուտ ապահովելով տեղում զբոսաշրջիկներին զանազան ծառայություններ մատուցող բնակիչների համար:

 

Ի՞նչ է AHA Armenia-ն

Հայ Լեռնագնացների Ընկերակցույթունը Հայաստանում (AHA Armenia) հիմնադրվեց 2016 թվականի նոյեմբերին, արկածային զբոսաշրջության մեջ տարիների փորձ ունեցող լեռնասերների կողմից, Armenian Hikers Association - Los Angeles chapter-ի աջակցությամբ: AHA Armenia-ի գործունեության նպատակը դարձավ զբոսաշրջային ենթակառուցվածքների բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Հիմնադրումից անմիջապես հետո թիմը սկսեց իրագործել կազմակերպության ծրագրերի առաջին փուլը՝ Հայաստանի առավել հայտնի արշավային արահետների գծանշումը միջազգային չափանիշներին համապատասխանող մեկ միասնական ձևաչափով: Նրանց միացան արշավասեր ընկեր կամավորներ, ովքեր դարձան աշխատանքների անխափան ընթացքի գրավականը, իրենց ներդրումն ունենալով նաև գաղափարի հետագա կատարելագործման մեջ: Նախաձեռնությանը իրենց աջակցությունը հայտնեցին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը:
Թիմային քննարկումներից և միջազգային փորձագետների հետ խորհրդակցելուց հետո ընտրվեց գծանշման ձևաչափը՝ տրավերտինե 1.5 մետր բարձրություն ունեցող ցուցանակների միջոցով, որոնց վրա փակցվում են արահետի վրա զբոսաշրջիկների շարժն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը կրող պիտակները: Պարզվեց, որ քարե ցուցանակները Հայաստանի լեռնային ու քարքարոտ բնաշխարհում բավականին ներդաշնակ են դիտվում և ինչ-որ առումով վկայում են Հայկական Լեռնաշխարհի պատմամշակույթային ժառանգության մեջ քարի ունեցած կարևոր դերի մասին:
AHA Armenia-ն բազմիցս խոսել է գծանշման այս տարբերակի առավելությունների մասին՝ նշելով, որ քարե ցուցանակները զգայուն չեն բնակլիմայական պայմանների նկատմամբ, չեն վնասում շրջակա միջավայրը, ներդաշնակ են լեռնային միջավայրի հետ, հնարավորություն են տալիս զբոսաշրջիկին հաղորդել հնարավոր առավելագույն ծավալի տեղեկություն արահետի մասին, մասնավորապես՝ արահետի ուղղությունը, վերջնակետը, հեռավորությունը վերջնակետից, արահետի տեսակը (քայլարշավային, հեծանվային, ձիարշավային, արտաճանապարհային մեքենաների համար նախատեսված), օձերի կամ այլ վտանգավոր կենդաների առկայության հնարավորությունը արահետի վրա: Յուրաքանչյուր ցուցանակ ունի հերթական համար և տեղադիրքի կոորդինատներ, որոնք ֆիքսվում են արահետների GPS քարտեզների վրա, որոնք էլ ծրագրի ավարտին հասանելի կլինեն զբոսաշրջիկներին AHA Armenia-ի կայքում:

Հետագա անելիքները

Ինչպես արդեն նշեցինք, արահետներն անցնում են նաև գյուղերով՝ կապելով դրանք շրջակա տեսարժան վայրերի հետ: Այդ իսկ պատճառով տեղադրված ցուցանակների արտաքին տեսքի և տեղեկատվության թարմության պահպանման նպատակով ժամանակ առ ժամանակ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու կարիք կլինի: Այդ աշխատանքներում AHA Armenia-ին կաջակցեն նաև տեղի գյուղական համայնքները: Արդյունքում, հնարավորինս կապահովվի համայնք այցելող զբոսաշրջիկների անվտանգությունն ու տեղի բնակիչների զբաղվածությունը:

Խմբագրեց՝ Hikers.am-ի խմբագրական կազմը